«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

«Իրական Հայաստան»

«Իրական Հայաստան»
20.09.2025 | 15:22

Հասկանում եք՝ ինչի մասին է: Սա այն թեզն է կամ քարոզչական պաստառը, որ բոլոր հարթակներում ծածանում է վարչապետը՝ որպես ձեռքբերում, որի հետ չի կարող համեմատվել, գոնե անկախության շրջանի մի քանի տասնյակ տարիների իրականության մեջ, ոչ մի իրադարձություն, ոչ մի նվաճում: «Իրականում» վարչապետը շատ ավելիին է հավակնում՝ առնվազն վերջին մի քանի հարյուրամյակում կամ հազարամյակում մենք նման ձեռքբերում չենք ունեցել: Պարզապես իր պատկերացրած Հայաստանի մարմնավորումը չի ենթադրում պատմական հիշողություն, հերոսական անցյալ, ծանր կորուստներ, ինքնության փնտրտուք... Այն խորք չունի, երկչափ է, այն քարտեզի նման, որ սիրում է ցուցադրել՝ հատկապես սահմանային գոտիներ գնալիս: Այսպես ասած՝ «գրպանի Հայաստանը»:

Այդ դատարկ պաստառը ձեռքին նա լավ շոումենի նման փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ մեծ ցուցապաստառի վրա հազիվ են տեղավորվում իր կառավարման տարիների ձեռքբերումների խորհրդանշանները:

Իսկ իրականում ի՞նչ կա այդ «Իրական Հայաստանում»: Կա պետականության կորստի սպառնալիք, կա ազգի վերջնական կործանման սպառնալիք, կա հայրենազրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցների տառապանք ու վիշտ, կա համատարած աղքատացում, կա անօրինություն, կա համատարած հուսալքություն և ապատիա, կա...

Ի՞նչ չկա: Չկա արժանապատվություն, չկա կործանված մի սերունդ, չկա Արցախ, չկա անվտանգություն, չկա ապահովություն, չկա աշխատանք, չկա տնտեսություն, չկա կրթություն, չկա արդարություն, չկա իրավունք, չկա...

Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում կարելի է անվերջ շարունակել թվարկումը:

Սա է «Իրական Հայաստանը»: Այս ֆոնին՝ տարբեր բեմերում կեղծ պաստառը ճոճելով գեղգեղացող վարչապետը:

Ո՛րն է այդ գեղգեղանքի իմաստը: Կեղծ, մանիպուլյատիվ թեզերի շարք, թվացյալ ձեռքբերումների, անգամ կորուստները որպես ձեռքբերում կամ ձեռքբերման անհրաժեշտ պայման ներկայացնելով, ստեղծել տպավորություն և շարունակաբար ամրապնդել այդ տպավորությունը, որ մենք հասել ենք անվտանգ, ապահով, անխռով կյանքով ապրելու մի հանգրվանի, այսպես ասած, «խաղաղության դարաշրջանի»: Մենք արդեն հասել ենք դրան՝ որպես վարչապետի անգերազանցելի կարողությունների դրսևորման արդյունք: Այսինքն, անհավանական թվացող արդյունքն արդեն ձեռք է բերված: Բայց նրանք, ովքեր չեն հասկանում և չեն կարող գնահատել այդ ձեռքբերումը, իրենց անխոհեմությամբ կամ չարամտությամբ կարող են վնասել գործին, եթե գալիք ընտրություններում և մինչ այդ էլ չպաշտպանեն վարչապետին և իր ձեռքբերումը: Այն արդեն մեր ձեռքերում է, ինչպես չկնքված անարժանապատիվ խաղաղության պայմանագիրը, ինչպես պաշտպանված և անվտանգ՝ «ցանկապատված» սահմանները, ինչպես ծաղկող տնտեսությունը, ինչպես բարեկեցության մեջ ապրող մեր հայրենակիցը, ինչպես ապահով և ուժեղ հայրենիքի վրա հենված սփյուռքը, ինչպես...

Այդ ամենն արդեն մեր ձեռքերում է: Կարծեք թե: Դեռևս՝ ոչ: Բայց պետք է, որ դուք հավատաք, անվերապահորեն հավատաք, որ դա այդպես է: Այլապես մենք կկորցնենք ամեն ինչ: Ձեր մեղքով:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 139

Մեկնաբանություններ